Հայաստանի Հանրապետության սահմանադրության Հոդված 14.
«1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»:
Սա սահմանադրական նորմ է, որի իրականացումը պետության թիվ մեկ պարտավորությունն է: Եթե որևէ իշխանություն թերանում է կամ չի ուզում սա իրականացնել, նրան պետք է հեռացնել: Նիկոլի իշխանությունը ինձ համար նմանների շարքին է դասվում: Առկա փաստերը բավականին խոսուն են:
Եթե կհայտնվեն ուժեր (խմբեր) և այլն, որ ձեզ կասեն, թե իրենք պետության այս պարտավորությունից ինչ-որ մաս հանձն են առնում կամ ուզում են իրականացնել, վստահ եղեք, որ դրանք հակապետական գործունեություն են իրականացնում:
Մասնավորապես, ձեր ուշադրությունը շեղելով առկա օրակարգային խնդրից, ինչն է ձախողված անվտանգային համակարգը և Նիկոլի կողմից դա վերականգնելու չկամությունը:
Ներգրավվելով նման նախաձեռնություններում՝ դուք շեղվում եք խնդրի աղբյուրով զբաղվելուց, այսինքն, ՀՀ զինված ուժերին իրենց սահմանադրական պարտավորությունները իրականացնելու մեջ խոչընդոտ հանդիսացող իշխանություններին հեռացնելուց:
Ոչ մի մասնավոր և կամ ոչ առևտրային կազմակերպություն զորու չէ (աշխարհում նման դեպք չի եղել ու չի լինելու) փոխարինել պետությանը իր այս պարտավորության իրականացման մեջ: Սահմանադրությունը մեր պայմանավորվածությունն է միմյանց միջև և պետության հետ: Պայմանավորվածություն առ այն, որ պետությունը մեզ հարկում է՝ մեր անվտանգությունը ապահովելու դիմաց: Պետությունը շարունակում է մեզ պարտադիր հարկել և իրավունք ունի մեզ պարտադիր զինված ուժերում ներգրավել (առանց մեր կարծիքը հարցնելու), հետևաբար, պարտավոր է ապահովել մեր անվտանգությունը:
Եթե չի անում վերոնշյալը, ապա պետք է փոխել երկրի ղեկավարներին, այլ տարբերակ չկա: Բոլոր այլ տարբերակները ուղղված են պետությունը քանդելուն, մարդկանց և պետության միջև սահմանադրական պայմանավորվածությունն ու փոխադարձ պարտավորվածությունը խարխլելուն:
Ով հակառակը կպնդի, վստահ եղեք, որ նա դավաճան է, ծառայում է թշնամական ուժերի շահերին կամ էլ մտավոր սահմանափակ կարողություններ ունի: Կրկնում եմ՝ այլ տարբերակ չկա: Այլ տարբերակը պետության չգոյությունն է:
Հովհաննես Ավետիսյան